Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «մեկ հեռախոսազանգով» կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումները Իսլամական Հանրապետության վրա:
«Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն», - ասել է Արաղչին։
«Վաշինգտոնից մեկ հեռախոսազանգ է պահանջվում (Իսրայելի վարչապետ Բենիամին- խմբ.) Նեթանյահուի նման մեկին լռեցնելու համար։ Դա կարող է ճանապարհ հարթել՝ վերադառնալու դիվանագիտություն», - հավելել է Իրանի ԱԳ նախարարը:
Իրանն ու Իսրայելը չորրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։ Անցած գիշեր Թեհրանը թիրախավորել է Իսրայելի կենտրոնական հատվածը, հաղորդվում է զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին։
Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ կիրակի օրը մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում՝ «Քուդս» ուժերի՝ Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին: Նաև սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ հետախուզության պետին։ Նա նշել է, որ այս պահին արդեն ոչնչացրել են Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռների ավելի քան մեկ երրորդը:
Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է: