Մատչելիության հղումներ

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի


Lebanon Iran
Lebanon Iran

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը վերածվի ավելի լայն, տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի Թեհրանին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ իրանական կողմը պատասխան հարվածներ է հասցրել ինքնապաշտպանության շրջանակում։

Reuters-ի հաղորդմամբ, Աբբաս Արաղչին քննադատել է Իրանի նավթաքիմիական վերամշակման գործարանների վրա հարվածները՝ նշելով, որ դրանով Իսրայելը ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վտանգ է ստեղծում։

«Մենք չենք ցանկանում այս պատերազմը տարածել այլ երկրների կամ տարածաշրջանի վրա, եթե այն մեզ չպարտադրվի», - ասել է նա։

Իրանն ու Իսրայելը երրորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են, որն սկսվել է ուրբաթ, երբ Իսրայելը լայնամասշտաբ հարձակում գործեց Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա։ Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Իսրայելին, և արդեն երրորդ օրն է՝ կողմերը թիրախավորում են միմյանց ենթակառուցվածքներն ու նաև խաղաղ բնակավայրերը։ Երկու կողմերում էլ կան զոհեր և ավերածություններ։

Իրանի գլխավոր դիվանագետը նշել է, որ իսրայելական հարվածները Պարսից ծոցում գտնվող «Հարավային Պարս» գազի հանքավայրին «բացահայտ ագրեսիա և շատ վտանգավոր գործողություն» են։ «Հակամարտությունը Պարսից ծոց տեղափոխելը ռազմավարական սխալ է, և դրա նպատակն է պատերազմը Իրանի տարածքից դուրս տանել», - նշել է նա։

Ըստ CNN-ի՝ Աբբաս Արաղչին նաև ասել է, որ իր երկիրը պատրաստ է եղել շարունակել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ և պատրաստվում էր այսօր Օմանում առաջարկություններ ներկայացնել, սակայն ուրբաթ Իսրայելի հարվածները խափանեցին այդ բանակցությունները և ցույց տվեցին, որ Իսրայելը դեմ է «ցանկացած ձևի բանակցությունների»։

«Ակնհայտ է, որ իսրայելական ռեժիմը չի ցանկանում որևէ համաձայնություն միջուկային հարցի շուրջ. այն չի ցանկանում բանակցություններ և չի ցանկանում դիվանագիտություն»,- ասել է Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը, որը հեռարձակվել է պետական լրատվամիջոցներով:

Իրանի արտգործնախարարը Իսրայելի հարձակման համար նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին, թեև Վաշինգտոնն այս օրերին բազմիցս հայտարարել է, թե որևէ կերպ չի մասնակցել ռազմական գործողություններին։

«Իսրայելի հարձակումը երբեք տեղի չէր ունենա առանց ԱՄՆ-ի հավանության և աջակցության», - ասել է Արաղչին՝ հավելելով, որ չեն հավատում ամերիկյան կողմի հայտարարություններին, թե նրանք չեն մասնակցել վերջին հարձակումներին։

«Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները դատապարտի Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, եթե ցանկանում է ապացուցել, որ իր մտադրությունները բարի են»,- շեշտել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG