Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, «Ազատությանը» փոխանցել են արտգործնախարարությունից։
Մեքենաների հերթը Թեհրանի բենզալցակայանի մոտ, հունիսի 15, 2025
Իսրայելը «մեկ վայրկյան անգամ» չի դադարեցնում Իրանի վրա հարձակումները, հայտարարել է ՊՆ խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Մենք այս պահին էլ շարունակում ենք հարվածել տասնյակ թիրախների Թեհրանում», - ասել է նա՝ այսօր կեսօրին հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում՝ առանց հավելյալ մանրամասների։
Ավելի վաղ ռազմական գերատեսչության խոսնակը նշել էր, որ Իսրայելը դեռևս ունի Իրանում հարվածելու համար նախատեսված թիրախների մեծ ցանկ։ Թել Ավիվը, սակայն, դեռ չի հստակեցնում՝ Իրանի դեմ գործողությունները որքան են շարունակվելու։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ կսաստկացնի իր հարձակումները, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Իրանին:
Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցը պնդել է, թե վերջին ժամերին թիրախավորել է Իսրայելի կործանիչների նավատորմի արտադրական օբյեկտները և վառելիքի մատակարարման ենթակառուցվածքները:
Իսրայելի զինված ուժերը, մինչդեռ, պնդում են, թե Իրանի հարվածների թիրախում են եղել քաղաքացիական բնակավայրերը: