Տարիքը թիվ է, մոտիվացիան է կարևոր. «Ինտեր»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասին

«Տարիքը կարևոր չէ, կարևորը որակներն են՝ մարդկային և տեխնիկական»,- խոսելով 36-ամյա Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ասել է իտալական «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն։

Ռումինացի մարզիչը պնդել է՝ Լոս Անջելեսում կայանալիք ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը հնարավորություն է՝ «Ինտեր»-ի վերջին պարտությունը հաղթանակներով փոխարինելու համար։ «Ակումբի ներկայիս կազմը չպետք է հիշվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությամբ»,-ասել է նա։

Մայիսի 31-ը «Ինտեր»-ը Մյունխենում խոշոր՝5:0 հաշվով պարտվեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ին, սա եվրոպական եզրափակիչների 70-ամյա պատմության մեջ ամենախոշոր պարտությունն էր, ինչից երեք օր անց «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հեռացավ։

«Իհարկե, կա հիասթափություն մրցաշրջանի վերջում տեղի ունեցածի հետ կապված, սպասելիքները մեծ էին։ Բայց ես փորձում եմ նրանց ասել, որ ոչ միայն վերջնական նպատակն է կարևոր, այլև դրան հասնելու ճանապարհը, որ նրանք անցել են փառահեղ»,-ասել է նոր մարզիչը, որ 2007-14թթ որպես պաշտպան է հանդես եկել «Ինտեր»-ում։

Առաջիկա երեքշաբթի «Ինտեր»-ը Փասադենայում կհանդիպի Մեքսիկայի «Մոնտերեի» հետ։ Խաղից առաջ, խոսելով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, Կիվուն պնդել է՝ «ֆուտբոլում մոտիվացիան է կարևոր, տարիքը պարզապես թիվ է։ Հենրիխը միշտ ապացուցել է ամեն ինչ՝ իր խաղաոճով, իր ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին հայ և հետխորհրդային երկրներից 7-րդ ֆուտբոլիստն էր, որ մասնակցեց ակումբային ֆուտբոլի գլխավոր հանդիպմանը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։