ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են Իրանի շուրջ զարգացումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի օրը կայացած զրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ զարգացումները և այլ թեմաներ:

«Մենք հիմա շատ աշխատանք ենք տանում Իրանի ուղղությամբ», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած տնտեսական միջոցառման ժամանակ։ «Դժվար է… Նրանք հիանալի բանակցողներ են», նշել է ԱՄՆ նախագահը։

Նեթանյահուն էլ նշել է` Թրամփն իրեն հայտնել է, որ բանակցությունները կշարունակվեն շաբաթվա վերջին, նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Նեթանյահուն այսօր քննարկելու են Իրանի շուրջ զարգացումները

Վաշինգտոնն ու Թեհրանը արդեն հինգ փուլ բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Թրամփի նախագահ դառնալուց ի վեր։ ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները: