Անկարայում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան չէր հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չէր բացահայտել:
Արմեն Գրիգորյանը չէր նշել այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի:
Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը: