Քասախցիներն ակցիա են իրականացնում. բնակչները դժգոհում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից: Նրանք որոշեցին փակել Երևան- Աշտարակ ճանապարհը, ոստիկաններն ուժի կիրառմամբ փորձեցին բացել այն: Ոստիկաններից մեկը հարվածեց 24news.am–ի լրագրողին:
11 անձ բերման է ենթարկվել՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարաելու, հայտնում են ոստիկանությունից, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու համար ծառայողական քննություն է նշանակվել:
Տղամարդկանց բերման ենթարկելուց հետո Երևան- Աշտարակ ճանապարհը փորձում են փակել կանայք, ոստիկանները խոչընդոտում են:
Քասախում մարդիկ արդեն տևական ժամանակ է դժգոհում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից, որոնց հետևանքով, իրենց ձևակերպմամբ՝ «ունքը սարքելու տեղը աչքը հանեցին»:
Տարածքային կառավարման նախարարությունում որոշել են, որ քասախցիներին Երևան կտանեն կբերեն երեք տարի առաջ մարզային օպերատորի մրցույթում հաղթած «Մուլտիտրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները, իսկ երևանյան ավտոբուսն այս գյուղ մտնելու իրավունք չունեն:
Բնակիչները պահանջում են վերականգնել Կոտայքի մարզի գյուղը Երևանին կապող մայրաքաղաքային թիվ 59 երթուղու աշխատանքը։ Քաղաքացիները մեծ «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով էին գյուղ ու Երևան հասնում՝ 150 դրամ վճարելով, փոփոխությունից հետո մեկ ուղևորության արժեքը 200-ից 250 դրամ կկազմի։