Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը տարածվի դեպի հարևան երկրներ, բայց ստիպված է դիմել ինքնապաշտպանության, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարը։
Աբբաս Արաղչին պնդել է՝ Իսրայելի վերջին հարձակումները նպատակ ունեին խափանել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ սկսված բանակցությունները, ընդգծելով. «Վաշինգտոնը պետք է դատապարտի Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա»:
Իսրայելը հորդորում է իրանցիներին տարհանվել
Իսրայելը տարհանման նախազգուշացում է տվել Իրանի միջուկային ռեակտորների մոտակայքում բնակվողներին։ X-ում պարսկերենով արված գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է՝ «Բոլորը, որ գտնվում են ... ռազմական զենքի արտադրության գործարաններում, դրանց օժանդակ հաստատություններում կամ շրջակայքում, պետք է անհապաղ լքեն այդ տարածքները և չվերադառնան մինչև հետագա ծանուցում։ Ձեր ներկայությունը այս ենթակառուցվածքների կողքին վտանգի է ենթարկում ձեր կյանքը»։
Իսրայելում զոհերի թիվը հասել է 10-ի
- Հեղինակ՝ Սասուն Խաչատրյան
Իսրայելի վրա գիշերը Իրանի իրականացրած հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում են իսրայելական պաշտոնական աղբյուրները։
Ըստ Ոստիկանության տվյալների՝ Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքում վեց մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու երեխա։ Յոթ մարդ անհետ կորած է համարվում։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ չորս մարդ էլ սպանվել է արաբական Թամրա քաղաքի վրա հարձակման հետևանքով։