Իրանն ու Իսրայելը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց այն բանից հետո, երբ երեկ իսրայելական զինուժը լայնամասշտաբ հարձակում գործեց Իրանի վրա: Ի պատասխան՝ Իրանը գիշերը հրթիռակոծել է Թել Ավիվը և այլ քաղաքներ, կա երեք զոհ, քառասունից ավելի վիրավոր, այդ թվում՝ զինծառայողներ: Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Իրանի արձակած մոտ 200 բալիստիկ հրթիռների մեծ մասը: Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է:
Իսրայելն իր հերթին այսօր տասնյակ թիրախների է հարվածել Իրանում, այդ թվում՝ Թեհրանում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև բնակելի շենքի: Ըստ պաշտոնական Թեհրանի՝ կա 60 զոհ, այդ թվում՝ 20 երեխա: Պայթյուններ են որոտացել Քերմանշահի ռազմաբազայում, Թավրիզում գտնվող նավթավերամշակման գործարանի մոտ:
Թեհրանը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային զգուշացրել է՝ եթե շարունակեն ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, ապա Իրանը ստիպված կլինի հարվածել այս երկրների՝ տարածաշրջանում գտnվող բազաներին և նավերին: Այս զգուշացումը հնչում այն բանից հետո, երբ, ըստ իրական կողմի, հայտնի դարձավ, որ արևմտյան այս երկրների օդանավերն օգնել են հետ մղել իրանական հարվածները:
ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային կազմակերպությունների հետ կապերի բյուրոյի ներկայացուցիչ Մաքքոյ Փիթն ընդգծել է՝ ԱՄՆ ռազմաբազաների վրա որևէ հարձակում ծանր հետևանքներ կունենա:
«Մեր բացարձակ առաջնահերթությունը տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների, անձնակազմի և ուժերի պաշտպանությունն է: Իրանի համար հետևանքները ծանր կլինեն», - նշել է Մաքքոյ Փիթը։
Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հաստատել է, որ Իսրայելի հարվածներից վնասվել են Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտները: Ոչնչացվել է նաև Նաթանզի միջուկային օբյեկտի մի մասը: Կա ռադիոակտիվ և քիմիական աղտոտվածություն, որը կառավարելի է:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը իրանական զինուժի պատասխան հարվածներից առաջ երեկոյան հայտարարել էր, որ Իսրայելն է սկսել պատերազմը, և թույլ չեն տա, որ խուսափի պատասխանատվությունից: Այաթոլա Ալի Խամենեին վստահեցրել է՝ այս հարձակումը ծանր հետևանքներ կունենա:
«Սիոնիստական ռեժիմը լուրջ սխալ թույլ տվեց։ Այն սխալ վարվեց, և Աստծո կամոք հետևանքները կհանգեցնեն նրա կործանմանը: Նրանց դառը կյանք է սպասվում, անկասկած», - ընդգծել է Խամենեին:
Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ կշարունակեն հարվածել Իրանին՝ չեզոքացնելու հնարավոր սպառնալիքը: Վարչապետն երեկոյան ասել է, որ եթե հիմա չհարվածեն Իրանին, ապա Իսրայել պետությունն անպայման կկործանվի:
Բենյամին Նեթանյահուն շեշտել է՝ իրենց պայքարն Իրանի ժողովրդի դեմ չէ, այլ ռազմական ղեկավարության, որպեսզի վերացնեն միջուկային և բալիստիկ հրթիռների նրանց ծրագիրը: Ապա ուղիղ դիմել է իրանցիներին. «Ժամանակն է, որ իրանացի ժողովուրդը միավորվի իր դրոշի և պատմական ժառանգության շուրջ՝ պաշտպանելով իր ազատությունը չար և բռնակալ ռեժիմից։ Այն երբեք ավելի թույլ չի եղել, քանի հիմա»։
Իսրայելի պաշտպանության նախարարն էլ այսօր սպառնացել է, որ «Թեհրանը կրակի կմատնվի», եթե Իրանը շարունակի հրթիռներ արձակել։ Իսրայել Կացն ասել է, որ իրենց իշխանությունների պատճառով իրանցիները ծանր գին կվճարեն իսրայելցի խաղաղ բնակիչների վրա կատարված հարձակումների համար։
Լարվածությունը թուլացնելու և զսպվածության կոչեր
Մինչ Իսրայելն ու Իրանը շարունակում են հարվածներն ու սպառնալիքները, համաշխարհային մի շարք առաջնորդներ կոչ են անում թուլացնել լարվածությունը և զսպվածություն ցուցաբերել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին կոչ է արել դադարեցնել էսկալացիան:
«Բավական է այս էսկալացիան: Ժամանակն է դադարեցնել։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերիշխեն», - ասել է Գուտերեշը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի «բարբարոսական հարվածներից» հետո զսպվածության կոչերը տեղին չեն, իսկ միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցելն անիմաստ է:
Իրանի նախաձեռնությամբ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է Իսրայելի գործողությունները: Ամիր Սաիդ Իրավանին զգուշացրել է՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ բոլոր պետությունները, որոնք աջակցում են Իսրայելին, պետք է գիտակցեն, որ կիսում են այդ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը:
«Այս միտումնավոր և համակարգված սպանությունները ոչ միայն անօրինական էին, այլև անմարդկային, հաշվարկված ագրեսիայի սարսափելի դրսևորում: Այս վայրագությունները պետական ահաբեկչության հստակ ակտ են և միջազգային իրավունքի կոպիտ խախտում», - ընդգծել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոնն էլ ասել է, որ Իսրայելը փորձել է դիվանագիտական ճանապարհով լուծել իրանի միջուկային ծրագրի հարցը, սակայն տեսել է, թե ինչպես է Իրանը ժամանակ ձգում, մերժում ամենագլխավոր պայմանները, իսկ այս ընթացքում շարունակում զարգացնել իր միջուկային ծրագիրը: Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը վտանգի ենթարկեի իր ժողովրդին ու հենց դրա համար էլ հարվածել է Իրանին, պարզաբանել է նա:
«Սա պետականությունը պահպանելու գործողություն էր։ Մենք դա արեցինք մենակ և ոչ այն պատճառով, որ ուզում էինք, այլ քանի որ այլ տարբերակ չէր մնացել», - նշել է Դանի Դանոնը։
Ռազմական գործողությունների ֆոնին իրանցի պատգամավոր Էսմայիլ Կոսարին ասել է, որ Թեհրանը լրջորեն դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հարցը: Այստեղով է փոխադրվում աշխարհի նավթամթերքի մոտ 21 և հեղուկ գազի մոտ 20 տոկոսը: